BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Երգս ընձյուղվի, ես հողում մնամ»

«Երգս ընձյուղվի, ես հողում մնամ»
02.05.2017 | 12:54

Ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն,
Բագրատ Ալեքյան,
Ահավոր ողջույն...

Սա ես չեմ ասում, և ոչ էլ նա` ողջույնի խորախորհուրդ հոլովույթները մտած իմ բանաստեղծ բարեկամը` Բագրատ Ալեքյանը, չնայած այն բանին, որ հենց այս խոսքերով է բացվում նրա բանաստեղծությունների «Ահավոր ողջո՜ւյն» ժողովածուն: Այնուամենայնիվ, որտեղի՞ց են եկել այս խոսքերն ու իջել բանաստեղծի, ապա մեր շուրթերին, և հիմա պայծառ ու լուսավոր նոտայի պես թրթռում, շուրթից շուրթ են անցնում: Արդյո՞ք մինչ իրենց երևութական դառնալն աներևույթ են գործել ողջույնի այս խոսքերը, երբ բանաստեղծը վեր ու վար էր տանում իր մարդկային կենսագրության բեռը` մեկ ժպիտով, մեկ` անժպիտ, մեկ` զարմանքով, մեկ` անզարմանք, մեկ` երանությամբ, մեկ` տառապանքով, մեկ` ուղիղ ու հարթ, մեկ` քարքարոտ ճամփով...


Այսպես է առաջ տարել իր մարդկային ու նաև բանաստեղծական կենսագրությունը Բագրատ Ալեքյանը, տարել է` հաստատ համոզումով, որ ընդառաջ եկող ունի, և այդ նա է, որ ողջունելու է իրեն որպես աշխարհը թողած «մենակյացի»:
Նա, ով ողջույնի համար ընդառաջ է եկել բանաստեղծին, վաղուց արդեն ճանաչել և հավանել է վերջինիս: Այլապես չէր մատուցի այն ողջույնը, որի «ոտքերը դեռ ամպոտ են», խոսք, որն օգտագործում է իմաստուն ժողովուրդը որևէ անեղծ մաքրություն բնորոշելու համար: Այո, Բագրատ Ալեքյանին ուղղված ողջույնը երկնային կամ տիեզերական հավերժության խորքերից պոկված ամպի մի անեղծ քուլա է, որի մեջ նույն ինքը Տիեզերքն է` իր ահավոր, ահռելի, անվերջության մեջ հոլովվող խորհուրդներով: Բանաստեղծին մատուցված ողջույնը պահը լուսավոր երազների մեջ ապրելու չի տրամադրում, այլ ընկալելու, որ դեպի քեզ ուղղված յուրաքանչյուր լավագույն ցանկություն խոնարհումի է տանում այն ուղարկողի առաջ: Խոնարհում այն չափով, ինչ չափով զգում ես ուղարկողի հզորությունը:
Բագրատ Ալեքյանն ստացել է մի ողջույն, որն ստիպել է նրան զգալ ողջյունաստեղծ Արարողի ահավոր մեծությունը: Իսկապես, որքան մաքուր ու լուսավոր պետք է լինել առանց ահի կանգնելու համար ողջույնն Արարողի առաջ:
Հիշենք, որ Սինա լեռան վրա Արարիչը Մովսեսին անգամ չերևաց, երբ ողջունեց նրան, որովհետև վերջինս չէր կարող դիմանալ իրենից բխող լույսի ահասարսուռ մեծությանը, և միայն խոսքի միջոցով փոխանցեց նրան իր պատգամները:


Ողջույնի մեջ ահ ու սարսուռ զգացող բանաստեղծ է Բագրատ Ալեքյանը, այսինքն` ողջույնի մեջ թագավորող լույսի հզորությունն զգացող անձնավորություն է նա:
Ահասարսուռ անվերջություններից ողջույն ստացած Բագրատ Ալեքյանը, սակայն, չի երկնչում հավերժության դեմ դիմաց կանգնելուց: Գիտակցելով անհատի և հավերժի փոխհարաբերության մեջ անհատի պատասխանատվության մեծությունը, նա ոչ միայն ինքն իր, այլև իրեն երկիր ուղարկողի առջև հստակեցված է բացում մարդ անհատի, մասնավորապես հենց իր անձի հետ կապված իրավիճակը.

Ես` ծովի դեմ, ծովս չկա,
Իմ ջուրն ու ես` մի ծոց,
Պիտի դարեր իմ մեջ սողար
Շրշյունաբեռ մի օձ:

Ձյուն ու ձմեռ ես հերկեցի,
Դարձա հասուն մի արտ,
Խաս ձմեռը անհայրենիք`
Իմ մեջ ծաղկած տեսա:

Այո, բանաստեղծական պատկերավոր մտածողություն է. հասուն արտ ունենալու, ասել է` օգտակար լինելու փաստը կենարարության աստիճանի ներկայացնելու համար բանաստեղծն ընտրում է «ձյուն ու ձմեռ հերկելու», այսինքն` անհերկելին հերկելու տառապանքի մեջ «խաս ծաղիկ» ստանալու պատկերը: Այնուամենայնիվ, բանաստեղծի «անհայրենիք ձմեռ» մտերմիկ արտահայտությունը կրկին ու կրկին գալիս է լրացնելու այն միտքը, որ Բագրատ Ալեքյանի սրտում տեղավորվում է անսահմանությունը:
Այսպես, անսահմանության մեջ տեղավորելով առօրյա իրականությունը, և նույն առօրյայի մեջ վայելելով անսահմանի մտերմությունը, բանաստեղծը փորձում է այդ ամենից քաղել ու հավաքել «խաս ծաղիկները»:
Իրականության հետ համընթաց արված իր քայլերի մեջ բանաստեղծը այլ չափումներից է նայում ինքն իր քայլին, աշխատում է որոշակիացնել կան ու չկան, մահն ու անմահությունը, լույսն ու մութը… Նույն լույս ու մութի բաժանարար է նրա «Աղոթքը», որտեղ լույսը «մայրօրինակ» է որակվել: Հրաշալի համեմատություն:

Բարի լո՜ւյս, իմ լո՜ւյս,
Դու մայր, մայրօրինակ.
Անզորությունդ կույս
Պատռիր ու ներս շողա…

Մութից զատված լույսի ներքո է բանաստեղծը դիտարկում բանաստեղծական աշխարհում իր գոյության հիմնավորումները: Այստեղ է, որ նկատվում է բառին տեր կանգնելու նրա առաքելության չափն ու կշիռը: Բառը բառ չէ, այլ «աստղավերից» հոգու հետ տրված շնորհ է, պարտք է ու պատասխանատվություն, որին բանաստեղծն անվանում է «Երգս»:

Հոգիս բերանս ծնվեցի,
Հոգիս` պարզ մի Հոքու.
Շուրթին` չքնաղ երեք տողի
Կան ու չկան հոգուս:
- - - - - - - - - - - -
Աստղավերից ես նայեցի,
Տակետակ ծովն իջա.
Հոգիս թռավ իմ բերանից,
Մնաց բառը չքնաղ:


Իսկապես, հակիրճ ու նրբագեղ է Բագրատ Ալեքյանի բանաստեղծական մտածողությունը` ծնված սեփական հոգու խորքերից, և ճիշտ նույն որակներն ունի, ինչ հակիրճ նրբագեղության խորհրդանիշ հոքուն` դուրս հորդած պոետիկ հոգիներից:
Հոգեպարար անվերջության, ազատ ու անսահման երանության գովքի առաքելությամբ բանաստեղծին շնորհված երգը փնտրում է հավերժության լուսավոր հետքերը: Ավա՜ղ, վերն ու վարը շատ տարբեր և շատ հեռու են իրարից.

Մի կոտրված շյուղ է երգս`
Ծաղկածուփ բալենու.
Ինքն իր վրա փակված հավերժ`
Ագռավի բերանում:

Արևելյան փափկահոգի, երկնառաք ու երկնատենչ, ազնվասահ սավառնումները Բագրատ Ալեքյանի երգի դեպքում պատճառաբանված այլ կենսակերպ ունեն: Բանաստեղծական սրբազնագույն ավազանին ձեռք մեկնելու համարձակությունը արդարացված է սեփական իսկ վարքով։


Երգի շյուղն անսահման լույսերին հասցնելու ճանապարհին կոտրված գտնելու համար բանաստեղծը ներողություն չի հայցում ինչպես բալենու ճյուղը կոտրողի դեպքում է, այլ բռնում է ճիշտ հայեցի կենսակերպի ուղին` Ագռավաքարի ճանապարհը: Իսկ Ագռավաքարը հայոց հույսի խորհրդանիշն է:
Բագրատ Ալեքյանի բանաստեղծական զգացումները շատ են խտացված զգացումների առավելագույն արժեքներով: Նրա բառերի շարվածքի մեջ կոնկրետ շողարձակումներ են: Նա ապակու փայլեր չի խառնում արժեքավոր գոհար մտքերին, այլ ասում է մի բան, որն ընկալողը իրենն է դարձնում ըստ իր ունեցած «գոհարեղենի» չափորոշիչների:
Այս մասին վկայում է «Երկրպագություն» գոհարաշարը.
Քարի պես ձայնս
Չի հեռանում քո
Մատուռից, ջրից:

Քո օրհնությամբ է,
Որ չեմ չքանում
Քամու… անտերից:

Բագրատ Ալեքյանի բառը հեռու է առօրյա կենցաղավարությունից: Նա պատասխանատու է իր բառի կենդանության համար այլ չափումներում ևս: Երկիրը, հողն ու կենցաղավարությունն իրենց տեղերն ունեն բանաստեղծի համար, իսկ հոգուց թռած երգի համար նա ուրիշ ճանապարհ է նախատեսում: «Երգս ընձյուղվի, ես հողում մնամ»,- այսպես է մտորում բանաստեղծը, քաջ գիտակցելով արմատի ու ընձյուղի փոխկապակցվածությունը: Նրա բառը մի դեպքում արմատ է, մի դեպքում` ընձյուղ, մի դեպքում կեղևահանված ծառի պես է, մի դեպքում` անհունի թռչուն... Նույն շապիկով են ծնվել բառն ու Ալեքյանը: Իսկապես, շապիկով են ծնվել, որովհետև չեն վախենում անհունի հետ փոխշփումից: Ընդհակառակը, անհունն օրորոց դարձած օրորում է նրանց.

Բառի հետ է կյանքս անցել,
Բառի անմեղ հոգեվարքով,
Անհունն է, տես, անհուն բացել`
Դափնեզարդված հարգուվարքով:

Անհունի տիրոջ հզորության ահռելի չափերի ահավորությունն զգացող բանաստեղծ Բագրատ Ալեքյանի ստացած ողջույնը ուսանելի է նրանց համար, ում համար հավերժությունն առաջնային է:


Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ